ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ

Դպրոցի շենքը կառուցվել է 1947թ. իբրև հոսպիտալ, իսկ 1949թ-ին վերափոխվել է դպրոցի, որտեղ սկսել են հաճախել նորաստեղծ, բայց օրեցօր աճող Արաբկիր թաղամասի դպրոցահասակ բնակիչները: 1985-1986 ուստարում դպրոցում իրականացվել է անգլերենի խորացված ուսուցում, իսկ 2013թ-ից դպրոցն աշխատում է «Անգլերենի» այլընտրանքային հեղինակային ծրագրով: 2000թ. դպրոցն անվանակոչվել է անվանի գրող-հրապարակախոս Վ.Պետրոսյանի անունով: Գրողի հարթաքանդակի բացումը բակում կայացել է 2006թ-ին:
N51 դպրոցում աշխատում է արհեստավարժ ուսուցիչների հզոր բանակ: Դպրոցի աշխատանքային գործունեությանը նպաստում է երկարօրյա խմբերի առկայությունը: Դպրոցը համագործակցում է Ալավերդու Հ.Թումանյանի անվան N2 հիմնական դպրոցի հետ:
Այսօր դպրոցում սովորում է շուրջ 1312 աշակերտ: Դասերին զուգահեռ կազմակերպվում են միջոցառումներ, թեմատիկ էքսկուրսիաներ, տարաբնույթ հանդիպումներ: Դպրոցն ակտիվորեն արձագանքում է հանրապետական և համաքաղաքային միջոցառումներին, ունի առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլում հաղթած աշակերտներ: Դպրոցի աշակերտները հաջողություններ են արձանագրում նաև արտադպրոցական միջոցառումներում և մրցույթներում՝ մրցանակներ շահելով նաև արտերկրում:
Դպրոցում սիրով են հիշում կրթօջախի նախկին սան, Արցախյան պայքարի ազատամարտիկ 15-ամյա Վարդան Պապիկյանին, ում անունով 2011թ. անվանակոչվել է N13 դասասենյակը: Դպրոցի բակում նրա հիշատակին դրված է ցայտաղբյուր:
Այժմ դպրոցի տնօրենը Ալիսա Ղազարյանն է:
2004թ. Ալիսա Ղազարյանը դպրոցի տարրական օղակի փոխտնօրենն էր: 2013թ. Ալիսա Ղազարյանը ընտրվել է դպրոցի տնօրեն (աշխատանքային պայմանագրի կնքման ժամկետը 01.08.2013թ.):